ԱՄՆ-ն պատրաստվում է 250 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային՝ անվտանգության ապահովման համար

12:08 • 08.05.18

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային պատրաստվում են հատկացնել 250 միլիոն դոլար՝ անվտանգության ապահովման համար, ինչի մասին վկայում է 2019 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն: Այն ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը:

Նշվում է, որ այդ գումարից 50 միլիոն դոլարը նախատեսվում է բացառապես պաշտպանական բնույթի սպառազինության մահացու տեսակների տրամադրման համար:

Դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել է, որ նշված գումարը 100 միլիոն դոլարով ավելի է, քան հանձնաժողովն առաջարկում էր տրամադրել ընթացիկ բյուջետային տարում:

Ուկրաինացի դիվանագետները հիշեցրել են, որ ԱՄՆ նախագահի ստորագրմանը փոխանցելուց առաջ բյուջեի նախագիծը պետք է համաձայնեցվի Սենատի պատրաստած տարբերակի հետ և պետք է ստանա Կոնգրեսի երկու պալատների աջակցությունը: