Բելգիայի վարչապետն ասել է՝ ինչով է վտանգավոր Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը հղի է Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգով: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համաձայնագրի բացակայությունը նշանակում է անկայունություն կամ պատերազմ Մերձավոր Արևելքում: Ես խորապես ցավում եմ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ: Միջազգային գործընկերները պետք է շարունակեն մասնակցել համաձայնագրին, իսկ Իրանը պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները»,- գրել է Միշելը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից և որ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի դեմ:
Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:
«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը գործում է Իրանի և հինգ երկրի միջև»,- ասել է Ռոհանին:
Նա նաև նախազգուշացրել է, որ Իրանը կարող է շաբաթների ընթացքում վերսկսել ուրանի հարստացումն՝ «առանց որևէ սահմանափակումների»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, Twitter-ում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար:










