Ֆրանսիայում շտապօգնության օպերատորը ծաղրել է երիտասարդ կնոջն ու չի գրանցել նրա կանչը, ժամեր անց կինը մահացել է
Ֆրանսիայում վրդովմունքի ալիք է բարձրացրել շտապօգնության աշխատակցի ձայնագրությունը, որը ծաղրել է երիտասարդ կնոջն ու չի գրանցել նրա կանչը, ինչից ժամեր անց ֆրանսուհին մահացել է:
BBC-ի հաղորդմամբ՝ խոսքը 22-ամյա Նաոմի Մուսենգայի մասին է, ով շտապօգնություն է զանգել Ստրասբուրգում՝ գանգատվելով ստամոքսի սուր ցավից և ասել է. «Ես կմեռնեմ»:
«Դուք հաստատ մի օր կմեռնեք, ինչպես յուրաքանչյուր մարդ»,- հնչել է օպերատորի պատասխանը:
Կինն այնուհետև մեկ այլ ծառայություն է զանգահարել և հիվանդանոց տեղափոխվել, սակայն մահացել է սրտի կաթվածից: Առողջապահության նախարարը հանձնարարել է հետաքննություն սկսել:
Ինչպես նշվում է, 3 րոպե տևողությամբ ձայնագրության մեջ հասկացվում է, որ Մուսեգնան թույլ, հազիվ լսելի ձայնով է խոսում և դժվարությամբ է նկարագրում իր ցավը: Օպերատորն, իր հերթին, ձանձրացած ձայնով ասում է. «Եթե չասեք ինձ, թե ինչ է կատավում, ես կկախեմ լսափողը»:
Կինը նշում է, որ շատ ուժեղ ցավ ունի: Ի պատասխան՝ օպերատորը նրան խորհուրդ է տալիս մեկ այլ ծառայություն զանգել, որը շտապօգնության հաշվարկի փոխարեն բժիշկ է ուղարկում:










