Հելսինկիում բացվել է վարունգի՝ աշխարհում առաջին խանութը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում բացվել է աշխարհում առաջին խանութը, որում միայն վարունգ է վաճառվում: Այս մասին ասվում է Հելսինկիի քաղաքապետարանի հայտարարությունում, տեղեկացնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ խանութը կոչվում է The Cucumber Concept Store։
«Մեր առաքելությունը ԵՄ-ում վարունգի խնդրի վրա ուշադրություն հրավիրելն է. վարունգի վաճառքը շատ խստորեն է կարգավորվում միության նորմերով: ՄԵնք փորձում ենք այս կերպ հիշեցնել խնդրի մասին», - նշել է առևտրային կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Գրենֆորսը:
Գաղափարի հեղինակների համաձայն՝ իրենք նաև ցանկանում են բարձրացնել մարդկանց տրամադրությունը:
«Հնարավոր է՝ այս ամենն ավելի շատ ոչ թե առևտրի, այլ լավ տրամադրության համար է: Մենք ցանկանում ենք, որ, լինելով մեզ մոտ, մարդիկ ժպտան ու դրական լիցքերով դուրս գան խանութից», - ասել է Գրենֆորսը:










