Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքն առաջադրել է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում

17:16 • 09.05.18

Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը նույնպես կմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնի է դարձել այսօր, երբ Փերինչեքին, ի վերջո, հաջողվել է ստանալ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար պահանջվող 100.000 ստորագրությունը (նման պահանջ առաջադրված է խորհրդարանում պատգամավորական մանդատներ չունեցող կուսակցություններից առաջադրված թեկնածուներին- tert.am)։

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, այսօր անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջին օրն էր։ Փերինչեքը միայն այսօր է հաջողացրել ավարտել ստորագրությունների հավաքման գործընթացը․ այդ առումով ոչ խորհրդարանական խմբակցություններից առաջադրված թեկնածուներից նա վերջինն է՝ ամենաարագը ստորագրությունների հավաքագրումն ավարտել էր ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները։

Նշենք, որ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին Փերինչեքը հայտնել էր դեռ անցյալ տարի։

Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: 

Շվեյցարիայի կառավարությունը հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Այս գործում Փերինչեքին նույնպես հաջողվել էր հաղթել դատական գործը: