Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահը կոչ է արել հաշվի առնել Հայոց ցեղասպանության դասերը՝ նոր ոճրագործություններ թույլ չտալու համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Շփեյերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, ընդգծել է Հայոց ցեղասպանության դասերը հասկանալու կարևորությունը՝ Միջին Արևելքում նոր ոճրագործություններ թույլ չտալու համար: Այդ մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում:
Նշելով, որ իր ընտանիքի անդամները Հայոց ցեղասպանությունը վերապրածներ են եղել՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ մինչև մենք չօգնենք այլ երկրներին հասկանալ ցեղասպանության հետևանքները և թե ինչպես դա կարելի է կանխել՝ մեր բարոյական առաջնորդողի դերն իսկապես վիճելի է»:
Կոնգրեսականի այս ելույթը ողջունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Շփեյերին՝ իր ընտանիքի փորձառությունով կիսվելու և իր գործընկերներին խրախուսելու համար՝ երաշխավորել, որ այս ցեղասպանության դասերը հաշվի առնվեն՝ օգնելու համար կանխել մարդկության դեմ ապագա հանցագործությունները»,- ասել է Արամ Համբարյանը:










