Իսրայելը տեղյակ է պահել Ռուսաստանին Սիրիայում իրանական դիրքերին հասցվելիք հարվածի մասին․ Յոնաթան Կոնրիկուս
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Սիրիայում իրանական ուժերի դիրքերին հարվածներ հասցնելուց առաջ իսրայելական կողմը տեղյակ է պահել Ռուսաստանին, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը։
«Հաստատված կապի միջոցներով ռուսները տեղյակ են պահվել սպասվող հարձակման մասին», - ասել է իսրայելցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ այս առավոտ իսրայելական կողմը հայտարարել է, որ անցած գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքներում իրենց դիրքերին ավելի վաղ հասցված հարվածների։
Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, Դամասկոսի օդանավակայանի տարածքում առկա զինապահեստները, դիտորդական կետեր, ինչպես նաև՝ «Ալ Քուդս»-ի այլ դիրքեր։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հույս է հայտնել, որ միջադեպը շարունակություն չի ունենա։
«Իհարկե՝ մենք պատասխանել ենք․․․ Սիրիայում գտնվող իրանական գրեթե ամբողջ ենթակառուցվածքներին։ Նրանք պետք է հիշեն․ եթե անձրև գա՝ կաթոցը լինելու է նրանց կողմում», - հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավարը։










