Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի շուրջ կոնսենսուսը կտևի մի քանի ամիս, որից հետո ռևանշիզմի թույլ ալիք կբարձրանա. Արա Նեդոլյան (տեսանյութ)

22:08 • 10.05.18

Հրապարակախոս Արա Նեդոլյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ:

Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ այժմ ունենք ոչ թե ընդդիմության կառավարություն, այլ ուղիղ ժողովրդավարություն, ժողովուրդը դեռ մի քանի ամիս պատրաստ է դուրս գալ հրապարակ և պնդել, հաստատել իրենց և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, բայց բազմաթիվ հարցեր կան, ուստի կարելի էր նույնիսկ եղած «Ընտրական օրենսգրքով» խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Այսօր կա ճնշող առավելություն ժողովրդական շարժման կողմից, և չեմ կարծում, թե Հանրապետականի մոտ կստացվի որևէ կերպ անցկացվող ընտրություններում հասնել որևէ հաջողության»,-շեշտեց նա՝ հավելելով, որ խորհրդարանական ներկայիս մեծամասնությունը վտանգավոր կդառնա մի քանի ամիս հետո, երբ ռևանշիզմի, կարոտախտի առաջին թույլ ալիքները կառաջանան:

Արա Նեդոլյանի կարծիքով՝ ամիսներ անց համաժողովրդական շարժումն արդեն ինքնին գոյություն չի ունենա, անկախ նրանից՝ ժամանակավոր կառավարության ընթացքը հաջող կլինի՞, թե ոչ, և կարիք կլինի մասնագիտացված քաղաքական և քաղաքացիական խմբերի ձևավորման:

«Հիմա տեղի է ունենում ինքնաբուխ ժողովրդավարացում, ինքնաբուխ առաջընթաց, ինքնաբուխը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին, բոլորը առաջնորդվում են բարի գիտակցումով և ընդհանուր պատկերացումներով ժողովրդավարության մասին, բայց մի քանի ամսից Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի գաղափարական դիմագիծը կսկսի այս կամ այն չափով որոշակիանալ։ Երբ մի բան որոշակիանում է, նա անշուշտ ստանում է նաև իր ընդդիմադիր շարժումը, սկսում են առաջանալ դրա այլընտրանքային մոտեցումները, անհամաձայնությունները, կոնսենսուսը տևելու է մի քանի ամիս»,-ընդգծեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։



Անի Գևորգյան