Ռուսաստանի իմաստուն ղեկավարությունը թույլ չի տա Երրորդ համաշխարհային պատերազմ. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ռուսական կողմը թույլ չի տա, որ Սիրիայի տարածքում հակամարտությունը վերաճի Երրորդ համաշխարհային պատերազմի: Այդ մասին նա հայտարարել է հարցազրույցի ժամանակ, որը հրապարակել է SANA-ն:
Նշվում է, որ Ասադին հարց են տվել նման պատերազմի հավանականության մասին՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը:
«Ո՛չ, մի պատճառով՝ որովհետև, բարեբախտաբար, Ռուսաստանում կա իմաստուն ղեկավարություն»,-ասել է նա։
Ավելի վաղ հունական Kathimerini պարբերականին տված հարցազրույցում Ասադն ասել է, որ իր երկիրը բացարձակապես չունի քիմիական զենքի պաշարներ, և հերքել է դրա կիրառման հետ կապված Արևմուտքի մեղադրանքները։
«Նախևառաջ՝ մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, երբ հանձնեցինք այն։ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, ինչից պարզ դարձավ, որ մենք քիմիական զենք չունենք, դա պաշտոնապես հաստատված է»,- ասել է նա։










