Մոլդովայի վարչապետը բացառել է Ռումինիայի հետ միավորվելու հնարավորությունը

14:55 • 11.05.18

Մոլդովան ինքնիշխան և անկախ պետություն է, այն Ռումինիայի հետ կլինի միայն Եվրամիության կազմում: Այս մասին The Guardian-ի հետ զրույցում ասել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը:

«Մոլդովայի կառավարությունը բացառում է միավորումը Ռումինիայի հետ՝ չնայած երկու երկրները միավորելու կոչերին»,- գրում է լրատվամիջոցը:

Ֆիլիպի խոսքով՝ Մոլդովան Ռումինիայից անկախ, ինքնիշխան պետություն է:

«Չափազանց շատ բան է ասվել միավորման, լեզվի մասին, իսկ ես ցանկանում եմ երկրի զարգացման ուղղությամբ հստակ քայլեր տեսնել: Նման խոսակցությունները պետք է հետաձգել մինչև ավելի լավ ժամանակներ՝ չնայած երկու երկրների հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական առավելագույնի վրա»,- ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Քիշնևում ցույց է անցկացվել, որի ժամանակ երկու երկրները միավորելու մասին հռչակագիր է ստորագրվել: Կազմակերպիչների խոսքով՝ ցույցին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, սակայն ոստիկանությունը պնդում է, որ այնտեղ եղել է առավելագույնը 7 հազար մարդ:

Ցույցից երկու օր անց Ռումինիայի խորհրդարանը միավորման մասին խորհրդանշական հռչակագիր է ընդունել:

Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տեղեկացրել է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին՝ օրենսդրությամբ ունիոնիզմի, այսինքն՝ Ռումինիայի հետ միավորվելու գաղափարներն արգելելու համար:

Սոցհարցումների տվյալների համաձայն՝ Մոլդովայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Ռումինիայի հետ միավորվելու գաղափարին: