Իրանը հրթիռակոծել է Իսրայելը խորհրդային արտադրության «Ուրագան» համակարգի միջոցով. ՑԱԽԱԼ (տեսանյութ)

15:48 • 11.05.18

Իրանցի զինվորականներն Իսրայելի տարածքը հրթիռակոծելու համար օգտագործել են խորհրդային արտադրության «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը, գրում է lenta.ru-ն:

Նշվում է, որ մարտական մեքենան դուրս է եկել սիրիական ռազմաբազայից Իսրայելի հետ սահմանի ուղղությամբ: Հրթիռակոծությունից հետո մեքենան շարժվել է հյուսիս, որտեղ էլ ոչնչացվել է:

Ըստ Իսրայելի՝ Իրանը Սիրիայի տարածքից լույս հինգշաբթի մի քանի հարված է իրականացրել: Մասնավորապես՝ իրանական զինված խմբավորումները մոտ 20 հրթիռ են արձակել Գոլանի բարձունքի շրջանում ՑԱԽԱԼ-ի դիրքերի ուղղությամբ:

Հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան: Հաղորդվում է, որ իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը մի քանի իրանական հրթիռ է կործանել: Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները մի շարք օդային հարվածներ են հասցրել սիրիական Էլ Քունեյթրա շրջանում: