Մոսկվայում հայ երիտասարդները փակել են «Комсомольская правда»-ի խմբագրության մուտքն ու ներողություն պահանջել հայերին վիրավորած ռուս փորձագետներից (տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանի հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ի նշան բողոքի փակել են «Комсомольская правда» ռադիոկայանի մոսկովյան գրասենյակի մուտքը։
Ինչպես փոխանցում է kp.ru-ն, հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչները հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու օրեր առաջ ռադիոկայանի եթերում ռուս փորձագետներ Միխայիլ Լեոնտևի ու Միխայիլ Յուրևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, երբ Լեոնտևն ու Յուրևը պատրաստվում էին հերթական եթերին։
Նշվում է, որ հնարավոր բախումները կանխելու նպատակով խմբագրության շենքի մոտ են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները, սակայն ավելորդ քաշքշուկից հաջողվել է խուսափել։
Հայ երիտասարդները շրջափակել են շենքն ու փակել դրա մուտքը՝ ներողություն պահանջելով ռուս փորձագետներից՝ Հայաստանի ու հայ ազգի հասցեին վիրավորական ու ազգայնական բնույթի արտահայտությունների համար։ 
Վերջիններս, սակայն, այդպես էլ ներողություն չեն խնդրել, սակայն եթեր մտնելով՝ առաջինն անդրադարձել են աղմուկ բարձրացրած թեմային՝ պնդելով, որ հայերին ընկալում են որպես յուրային ու ներողություն խնդրելու կարիք չեն զգում։










