ԱՄՆ-ում շունը պատահաբար «կրակել» է իր տիրոջը
ԱՄՆ Այովա նահանգի բնակիչ Ռիչարդ Ռեմմեն պատահաբար հրազենային վնասվածք է ստացել իր շան հետ տանը խաղալիս, այս մասին գրում է The Messenger պարբերականը։
Տուժած տղամարդը պատմել է ոստիկաններին, որ նրան «գնդակահարել» է իր իսկ շունը։ Ռեմմեն պառկած է եղել բազմոցին ու խաղացել է կենդանու հետ։ Այդ ընթացքում Ռեմմեի ատրճանակն ամրացված է եղել նրա գոտկատեղից։ Շունը հաջողացրել է արձակել այն ու ցատկոտելու պահին պատահաբար սեղմել զենքի ձգանը։ Փամփուշտը դիպել է շան տիրոջ ոտքին, վնասվածքը, սակայն, լուրջ չի եղել։
Տղամարդը խոստովանում է, որ կատարվածի մասին հասկացել է միայն այն ժամանակ, երբ գետնի վրա արյուն է հայտնաբերել։

«Ես երբեք նման բանի մասին չեմ լսել։ Հայտնի են դեպքեր, երբ ատրճանակներն ընկնում են գետնին ու մեխանիկորեն կրակում, սակայն շան հետ կապված դեպքը նորություն է», - լրագրողների հետ զրույցում նշել է տարածքային ոստիկանության պետը։
Իրավապահները նաև հաստատել են, որ կրակոցն իսկապես պատահականության արդյունք է եղել, ինչպես նաև նշել են, որ տղամարդն ունեցել է զենք կրելու համար պահանջվող բոլոր թույլտվությունները։











