Նավթը կթանկանա` մինչև բարելի համար 100 դոլար. Bank of America

12:24 • 11.05.18

Նավթի գները 2019 թվականին կարող են աճել`մինչև մեկ բարելի համար 100 դոլար: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Bank of America-ն:

Նշվում է, որ Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսները, որոնք հինգշաբթի վաճառվում էին բարելի համար ավելի քան 77 դոլարով, հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում կաճեն մինչև 90 դոլար:

Bank of America-ի փորձագետները, սակայն, վստահ են, որ նավթի արժեքը կարող է հասնել նաև 100 դոլարի` արդյունահանման կրճատման մասին ՕՊԵԿ+-ի համաձայնագրի հնարավոր երկարաձգման և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Բացի այդ, կա նաև Վենեսուելայից մատակարարումների տապալման վտանգ:

«Եթե նայենք մեկուկես տարի առաջ, ապա մենք սպասում ենք, որ նավթի պահանջարկի և առաջարկի համաշխարհային հավասարակշռությունը կարող է խախտվել»,- հայտարարել է Bank of America-ի կազմում գտնվող Merril Lynch բանկի ապրանքագիտության բաժնի ղեկավար Ֆրանսիսկո Բլանկը: