Օմսկում որոշել են սառեցնել մետրոյի կառուցումը. 26 տարում կառուցվել է ընդամենը 1 կայարան
Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզի ղեկավարությունը որոշել է սառեցնել մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս 1992 թվականին։
Ինչպես տեղեկացնում է meduza.io կայքը, մարզի արդյունաբերության նախարար Իգոր Լուկյանովը հայտնել է, որ դա «հեշտ որոշում չէ», սակայն իրենք ստիպված էին այն կայացնել։
Հայտնի է, որ 26 տարում Օմսկում հասցրել են կառուցել սպասված մետրոյի կայարաններից միայն մեկը՝ «Պուշկինսկայան»։ Օմսկ քաղաքի բնակիչների համար բացվել է կայարանի ստորգետնյա անցումը։
Նախագծի շրջանակում նախատեսվում է ավարտել նաև երկրորդ՝ «Զարեչնայա» կայարանի շինարարությունը, իսկ երրորդի՝ «Կրիստալ» կայարանի շինարարական աշխատանքները կդադարեցվեն։
Օմսկի մարզի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վալերի Բոյկոն, իր հերթին, նշել է, որ տվյալ որոշումը պետք չէ դիտարկել որպես մետրոյի ամբողջական փակում։ Կառավարությունն առաջարկներ կհղի արդեն կառուցված թունելների գործարկման տարբերակների վերաբերյալ, դրանց թվում կարող է լինել և ժամանակակից թեթև երկաթուղային տրանսպորտի գործարկումը։
Նշենք, որ Օմսկի մետրոյի առաջին ճյուղը պլանավորված էր գործարկել 2008-ին։ Այնուհետև ժամկետները երեք անգամ երկարաձգվել են։ 2012-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել էր հավելյալ գումար հատկացնել նախագծին ու կազմակերպել մետրոյի բացումը մինչև 2016 թվականը։










