«Ծառուկյան» դաշինքն իրավունք ունի ավելի ընդարձակ ոլորտներ վերցնել, և կառավարության առնվազն 1/3-ը պետք է պատկանի ԲՀԿ-ին. Գ. Պետրոսյան

17:16 • 11.05.18

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարարական պորտֆելների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին տեղեկություն չունի, բայց իր անձնական կարծիքով՝ իրենց քաղաքական ուժն իրավունք ունի ավելի ընդարձակ ոլորտներ վերցնել, քան այն, ինչ ըստ մամուլի առաջարկվում է:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան նախնական պայմանավորվածությունը 5 նախարարական պորտֆելների շուրջ է՝ Արտակարգ իրավիճակների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության, Սպորտի և երիտասարդության հարցերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունները:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր համոզմամբ՝ առնվազն 17 նախարարություններից կազմված կառավարության 1/3-ը պետք է պատկանի ԲՀԿ-ին, որովհետև «Ծառուկյան» դաշինքն առաջադրել է վարչապետի թեկնածուին երկրորդ փուլով և սատարել է այդ թեկնածուին, ուստի իրավունք ունի կիսել այդ պատասխանատվությունը. «Բայց թե ինչ պատասխանատվության ծավալ կկրի «Ծառուկյան դաշինքը» և ԲՀԿ-ն՝ դա իմ որոշելիքը չէ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց, որ իր համոզմամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բարոյական իրավունք ունի ստանձնել ողջ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը՝ կրթության, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցեր:

«Որպես շարքային կուսակցական՝ իմ համոզմամբ, քանի որ ԲՀԿ-ն հիմնականում թիրախավորում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կարծում եմ՝ կարող է ստանձնել այդ ոլորտների պատասխանատվությունը, բայց ես չեմ կարող այլ բան ասել, որովհետև ինքս բանակցության մասնակից չեմ: Հաշվի առնելով պարոն Ծառուկյանի անցյալի գործունեությունը, որ ոլորտներն էլ որ վստահվեն Ծառուկյան դաշինքին, իսկ ավելի ստույգ՝ ԲՀԿ-ին, այդ ոլորտներում լինելու է կարգապահություն և այդ ոլորտը ծաղկելու է, իսկ թե որը կվստահվի, ես չեմ կարող ասել: Պարզապես ես կարծում եմ, որ քաղաքական ուժը պետք է ստանձնի կոնկրետ բնագավառ, որի համար պատասխանատվություն կրի, իսկ քանի որ մեր կուսակցական ծրագրի և կուսակցության ամբողջ առանցքը եղել և մնում են սոցիալական ոլորտի բարեփոխումները, ցանկալի կլինի, որ այս ոլորտները վստահվեն: Բայց, կրկնում եմ, որոշողը ես չեմ, որոշողը վարչապետն է, ով բանակցում է քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ՊԵԿ նախագահի պաշտոնը ևս «Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Եթե «Ծառուկյան» դաշինքին վստահվի ՊԵԿ պաշտոնը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ երկրում էական տեղաշարժ կարձանագրվի ՊԵԿ քաղաքականության մեջ, որովհետև անձամբ պարոն Ծառուկյանը և մենք երբեք պաշտոնը չենք ընդունում որպես սեփական բարեկեցությունն ամրապնդելու միջոց: Հետևաբար՝ եթե այդ պաշտոնը վստահվի դաշինքին, ապա երբեք այդ պաշտոնը զբաղեցնող անձը չի մտածելու իր սեփական ունեցվածքը կրկնապատկելու ու եռապատկելու մասին, այլ մտածելու է այն մասին, որ հարկաբյուջետային քաղաքականությամբ իրականացվի դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը, այն է՝ մանր և միջին բիզնեսի պաշտպանության հարցը, այստեղ որևէ այլ ակնկալիք չունենք»:

Իսկ թե որքան է հավաստի նշվող կոնկրետ անունը, որ կարող է այդ պաշտոնն առաջարկեն Գագիկ Ծառուկյանի փեսա՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, Պետրոսյանը նշեց, որ ինքն անունների հետ գործ չունի, և իրենց անունները երբեք չեն հետաքրքրել: