Արագածոտնում բնակիչները փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին, պահանջում են վերականգնել կաթի մթերման նախկին գինը

14:49 • 11.05.18

Արագածոտնի մարզում Ապարանի շրջակա համայնքների բնակիչները փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին՝ պահանջելով վերականգնել կաթի մթերման նախկին գինը:  

«Կաթը նախկինում գնել են 160- 170 դրամով, իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում կաթի մթերման գինը հասել 100 դրամի: Թող հաշվարկեն կովի տված եկամուտը ամսական ու մեր ծախսերը: Թող տեսնեն՝ գյուղացին ինչ վիճակում է, վարկեր ունենք, այդ վարկերը պիտի փակենք»,-դժգոհել են գյուղացիները:

Գյուղացիներն ընդգծում են, որ ամեն տարի այս ժամանակահատվածում կանգնում են կաթի գնի անկման առջև:

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցել են մարզպետարանի, ոստիկանության աշխատակիցները փորձել են համոզել, որ մայրուղին բացեն:

Tert.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանից նշեցին, որ խնդրով զբաղվում է փոխմարզպետ Մուշեղ Աբագարյանը. նա լսել է համայնքի բնակիչներին, այս պահին արդեն մայրուղին բաց է:

«Այս պահին այդ խնդրով մարզպետարանում խորհրդակցություն է, ավելի ուշ կտեղեկացնենք, թե խնդրի լուծման համար ինչ քայլեր են ձեռնարկվելու»,-շեշտեցին մարզպետարանից:


Անի Գևորգյան