«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում» գործադուլ չի հայտարարվել, և չի դադարեցվել ձեռնարկության գործունեությունը. հայտարարություն
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել գործունեությունը:
Այս մասին ասվում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։
«2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:
Մայիսի 11-ի առավոտյան ընկերության գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովը, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, նախաձեռնել է լայն ու համակողմանի քննարկումներ աշխատանքային կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են մեխանիզմներն ու ժամկետները:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվը, գիտակցելով իր դերն ու պատասխանատվությունը Հայաստանի տնտեսության համար, շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ անշեղորեն կատարելով իր ստանձնած բոլոր տեսակի պարտավորությունները»,-ասված է ՓԲԸ-ի տարածած հաղորդագրությունում։










