Սփյուռքի նոր նախարարի հետ սիրով կաշխատենք․ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ

23:22 • 12.05.18

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի  խոսքով՝ չնայած որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին ինքն անձամբ չի ճանաչում, այնուամենայնիվ, պատրաստ է աշխատել նրա հետ, որպեսզի միասին զորացնեն, զարգացնեն Հայաստան-Սփյուռք ռազմավարական հարաբերությունները՝ թե՛ «Հայ դատի», թե՛ մշակույթի, թե՛ տնեսության մասով:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հաստատում են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործընթացում:

Դիտարկմանը, թե իրեն չի կաշկանդում երիտասարդ՝ 28 տարեկան նախարարի հետ աշխատելու միտքը, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Լավ է, որ երիտասարդ նախարարներ, երիտասարդ կադրեր են առաջ գալիս: Երկրի համար շատ լավ է և համապատասխանում  է թավշյա հեղափոխության տրամաբանությանը»,- ասաց նա՝ նշելով, որ մեծ հետաքրքրությամբ են սփյուռքից հետևում այստեղի ներքաղաքական զարգացումներին:

Մուրադ Փափազյանը չցանկացավ համեմատել նախորդ և ներկայիս սփյուռքի նախարարներին և նրանց վարած ու վարելիք գործունեությունը: Ասաց՝ անձերով չի ցանկանում պայմանավորել նախարարության գործունեությունը: «Հրանուշ Հակոբյանը շատ փորձառու քաղաքական գործիչ էր, երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել: Նոր նախարարին չեմ ճանաչում: Այդ իսկ պատճառով չեմ ցանկանում նրանց համեմատել, ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Ֆրանսիահայ գործիչը հույս հայտնեց, որ նոր նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը, կկարողանա աշխուժացնել, կարևորություն տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ շեշտը դնելով նաև հայ ժողովրդի թշնամիների՝ Ադրբեջանի, Թուրքիայի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության վրա: «Հայ դատը պետք է պաշտպանենք»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ օրեր առաջ է ֆրանսիական հայտնի «Լը Մոնդ» թերթում հոդված է հեղինակել, որտեղ նշել է՝ առիթից պետք է օգտվել և նոր Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հարաբերություններ զարգացնել: «Այսօր Հայաստանում Ֆրանսիայի ներդրումների ծավալը 50 միլիոն է: Դա ներկայություն չէ: Դա կարող է ավելանալ: Ավելի ժողովրդավար Հայաստանը կարող է ավելի հեշտ համոզել, որ սփյուռքի ընկերությունները գան, հաստատվեն Հայաստանի շուկայում»,- ասաց նա:

Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող մարմինը, ըստ Մուրադ Փափազյանի, աշխատել և աշխատում է Հայաստանի բոլոր կառավարությունների հետ:

«Մենք ներկայացնում ենք բոլոր հայկական կազմակերպությունները՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, եկեղեցիները: Մեր պարտականությունն է համագործակցել պետության հետ: Նոր նախարարի հետ սիրով կաշխատենք, բայց կաշխատենք ոչ միայն սփյուռքի նախարարության հետ, այլ  նաև կարող ենք դեր խաղալ  այլ ոլորտներում Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների ամրապնդման հարցում»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ ինքն ակնկալում է, որ այսուհետ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է լինեն աշխատանքային, գործնական հարաբերություններ: «Մենք պետք է աշխատենք: Պետք է արագացնենք և ավելի մեծ թափ տանք Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, որոնք ռազմավարական բնույթի են»,- ասաց նա: