Հայաստանի կառավարությանը 9-ից ավելի նախարարություն պետք չէ. Սամվել Հակոբյան
Հայաստանի կառավարությանը 9-ից ավելի նախարարություն պետք չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Անվտանգության և կոնֆլիկտոլոգիայի եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանը:
Ըստ նրա՝ օպտիալացումն անհրաժեշտ է, բայց ժամանակավոր կառավարությունում շատ դժվար է կառուցվածքային փոփոխություններ կատարելը, ավելին՝ այն կարող է վնասել բնականոն զարգացմանը:
Մասնավորապես, Սամվել Հակոբյանն արտահերթ ընտրություններից հետո կառավարությանը առաջարկելու է ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միացնել իրար: Գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները մեկ նախարարության մեջ միավորել, իսկ սփյուռքի նախարարությունը դարձնել վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում:
«Ընտրություններից հետո նոր կառավարությանը ներկայացնելու եմ այս առաջարկները: Բացի այդ, նշելու եմ կառավարման խնդիրների լուծումները: Օրինակ՝ այն, որ պետք է տվյալ նախարարության պրոբլեմները լուծվեն այդ նախարարության շրջանակում ոչ թե ուղարկվեն վարչապետին: Մեզ մոտ նախարարությունները խիստ անձնավորված են, և այդ անձից շատ բան է կախված: Եթե մենք հասկանում ենք մշակույթի նախարարություն և հասկանում ենք մեկ մարդ, դա ողբերգություն է, պետք է այս մոտեցումը փոխվի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կառավարության կազմի նոր անդամներին, Սամվել Հակոբյանը դրական գնահատեց երիտասարդ կադրերի նշանակումը:
«Մի երկու նախարարություններ դարձել էին փորձադաշտ, որոնք այդ բնագավառում ոչինչ չարեցին, հակառակը՝ շատ ավելի բան կորցրեցինք: Իսկ ժամանակավոր կառավարության ընթացքում ցանկացած գրագետ, կրթված մարդ կարող է պարտականություններ կատարել՝ մինչև նոր ընտրություններ»,- ասաց նա:
Սամվել Հակոբյանը նաև ընդգծեց, որ ժամանակավոր կառավարության որոշումները կարող են գերակայել ցանկացած օրենքի, կարող են կասեցնել որոշ օրենքների գործունեությունը:










