ԿԳՆ-ի առաջնահերթ խնդիրներից է ՇՊՀ-ի հարցը. նորանշանակ նախարարը ներկայացրեց առաջին աշխատանքային օրը

16:39 • 12.05.18


Վստահ եմ, որ առաջիկա օրերին Կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունքները կտեսնեք. ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով նախարարությունում աշխատանքային առաջին օրը՝ ասաց նորանշանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, ոլորտում առաջնահերթ խնդիրներից է Շիրակի պետական համալսարանի հարցը: «Պետք է հասկանանք, թե այդ բարձիթողի վիճակն ու անիրավությունը ոնց ենք շտկում»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ նախարարի՝ առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններ են, որոնց պետք է անդրադառնան:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպել է ԿԳՆ փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի հետ, զեկուցվել են խնդիրներ ու առաջնահերթություններ նշվել, նաև ընթացիկ հարցերին են անդրադարձել:

Նա նաև նշեց, որ կարևոր հանդիպում է ունեցել ԵՄ աջակցությամբ գործող «ռազմավարական պլանավորվման գրասենյակի» երիտասարդների խմբի հետ, որոնք ներկայումս աշխատում են նախարարությունում:

«Երիտասարդներ են՝ աշխատելու մեծ ցանկությամբ լցված, նրանց հետ համագործակցությունը մենք շատ ենք կարևորում»,- ասաց նա: