«Մենք հարգում ենք հայ ժողովրդի և ՀՀ խորհրդարանի ընտրությունը». «Ռոսնեֆտ»-ը՝ Հայաստանի մասին Միխայիլ Լեոնտևի սկանդալային արտահայտությունների մասին

10:22 • 12.05.18

Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի սկանդալային արտահայտությունները, հայտնում է interfax.ru-ն:

«Միխայիլ Լեոնտևի խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»,- ասված է ընկերության հայտարարությունում:

Ավելի վաղ Կրեմլում անհաջող էին անվանել Հայաստանում իրավիճակի վերաբերյալ Լեոնտևի խոսքերը:

«Այդ խոսքերը ոչ մի ընդհանուր բան չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման հետ, ինչպես նաև ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք պատմականորեն կան Ռուսաստանի մոտ հայ ժողովրդի հանդեպ»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Լեոնտևի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:

«Տվյալ դեպքում դրանք անհաջող արտահայտություններ էին, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել»,- հավելել էր նա:

Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևն օրեր առաջ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, որն «արյունով, կյանքով, փողերով, գազով, զորքերով փրկել է այդ ժողովրդին», ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը կոչ էր արել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ռուսաստանյան լրագրողական և փորձագիտական հանրության պատկերացումների մասին եզրակացություններ չանել մեկ-երկու մարդու «կարծիքից» ելնելով, և միաժամանակ խստագույնս դատապարտել էր Միխայիլ Լեոնտևի արտահայտությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։


Ինքը՝ Լեոնտևը, պնդել է, որ նման հայտարարություն է արել, քանի որ հայ ազգին համարում է յուրայիններ, ավելին՝ դա, ըստ նրա, խորապես հայամետ հայտարարություն էր:


«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն է, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում ենք յուրայինների հետ, այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն վիրավորական, սակայն անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»,- ասել է Լեոնտևը: