Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է Ռուսաստանը շրջանցող գազամուղի գործարկման ամսաթիվը

13:28 • 12.05.18

Հունիսի 12-ին շահագործման կհանձնվի Անդրանատոլիական գազամուղը (TANAP): Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Եվրոպա գազի մատակարարումների ռուսական երթուղիներին այլընտրանք հանդիսացող TANAP գազամուղը՝ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ, ձգվելու է Վրաստան-Թուրքիա սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահման: TANAP-ը Անդրադրիատիկ գազամուղի հետ միասին (TAP) «Հարավային գազային միջանցք» նախագծի մաս է կազմում:

«Հարավային գազային միջանցք» նախագիծը նախատեսում է Կասպից ծովից Վրաստանով և Թուրքիայով Եվրոպա 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարում: