Իրանի ԱԳ նախարարը չինացի պաշտոնակցի հետ քննարկել է միջուկային ծրագրի հարցը

18:52 • 13.05.18

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը միջուկային ծրագրի հարցը քննարկել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Զարիֆը կիրակի դիվանագիտական շրջագայություն է սկսել՝ քննարկելու իրանական միջուկային հարցի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Ուղևորությունն սկսվել է Պեկինից, որտեղից երկուշաբթի Զարիֆը կմեկնի ՌԴ և կհանդիպի ռուս պաշտոնակցի հետ:

Ռուսաստանից իրանցի նախարարը կմեկնի Բրյուսել, որտեղ էլ հանդիպում կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Չինացի նախարարն, իր հերթին, շեշտել է, որ Չինաստանը կշարունակի ջանքեր գործադրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացման համար:  

Վերջինս ընդգծել է, որ միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիրը բազմակողմ ջանքերի արդյունք է, որը ձեռք է բերվել մեծ դժվարությամբ: