Առնվազն 100 օր պետք է սպասել՝ նախքան հիասթափվելը կամ հիանալը. Հայկ Ա. Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանն Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է կիրակի օրը վերջնականապես ձևավորված ժամանակավոր կառավարության կուսակցական-տարիքային կազմին և առանձնահատկություններին, ինչպես նաև հասարակության սպասումներին:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել. մի կողմից՝ երիտասարդներ, մյուս կողմից՝ կուսակցական քվոտայով՝ ԲՀԿ-ական ու դաշնակցական հին նախարարներ:
- Պատկերն այդպիսին է, այո՛: Բայց դա այս պահին շատ էական չէ: Կարևոր է, որ Կառավարության անդամները հետևեն վարչապետի ցուցումներին և շատ շոշափելի արդյունքներ ցույց տան: Եթե այս կառավարությունը ձախողվի, ապա հետևանքները երկրի համար ողբերգական կարող են լինել: Այդ պատճառով պետք է աջակցել կառավարությանը, որպեսզի արդյունավետ աշխատի: Նաև պետք է նկատի ունենալ, որ հնարավոր չէր լինելու պորտֆելներ չտրամադրել այն պառլամենտական քաղաքական ուժերին, որոնք դուրս եկան ՀՀԿ-ի դեմ: Եվ նաև պետք չէ մոռանալ, որ սա անցումային կառավարություն է իրականում:
- Հասարակության հիմնական մասը ողջունում է նոր, թարմ դեմքերի ներգրավումը, սակայն կան նաև մարդիկ, որոնք հիասթափված են: Ընդհանրապես, կադրային քաղաքականության մեջ լինու՞մ են դեպքեր, երբ հասարակության բոլոր շերտերը գոհ են լինում:
- Այո՛, լինում են: Բայց, սա, ինչպես տեսանք, այդ դեպքը չէ: Ոմանք ունեն հիասթափություն, բայց դա էլ, թերևս, բնական է: Ամեն պարագայում վաղաժամ հետևություններ անելն այնքան էլ իմաստուն մոտեցում չէ: Բացառված չէ ամենևին, որ այս կառավարությունն իրոք փայլուն արդյունքներ ցույց տա: Բայց դրա համար նույնպես ժամանակ է պետք: Այնպես որ առնվազն հարյուր օր սպասելը՝ նախքան հիասթափվելը կամ հիանալը, բավական խելամիտ հանգամանք է:
- Մյուս կողմից, արդյոք այս նշանակումներով կարելի՞ է ասել, որ Փաշինյանը 2 սերունդ, այսպես ասած, դուրս գրեց, ենթադրում եմ այս թվում՝ երկրի համար պիտանի, պրոֆեսիոնալներ: Ինչո՞ւ, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխականները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են քաղաքական սերնդափոխության հարց, ինչի մասին այսօր իր առաջին աշխատանքային օրը խոսեց նաև Սփյուռքի նորանշանակ նախարարը:
-Ո՛չ: Որևէ սերունդ դուրս չի թողնվել. սերնդափոխություն ասելով՝ չի կարելի հասկանալ նախորդ սերունդների խոտանում: Դա սերնդային թարմացման հնարավորությունն է: Այդպիսի հնարավորություն Հայաստանում այլևս ստեղծված է: Եվ դա է կարևորը: Անշուշտ, հաջորդ կառավարություններում կարող են և պետք է լինեն նաև միջինից բարձր տարիքում գտնվող մարդիկ: Տարիքը հաճախ անգամ դրական հանգամանք է, եթե այն արժեքավոր է դարձրել կրողին: Յոթանասուն տարեկանում անգամ բազում գործիչներ կարող են հաճախ իրենց մտքի սրությամբ գերազանցել երիտասարդներին: Այնպես որ ամեն բան չէ, որ պետք է դիտարկել սերունդների տեսանկյունից: Սա բալանսավորված կառավարություն է:
- Այս կառավարությունը ժամանակավոր կառավարություն է, որքանո՞վ են այս դեմքերը մնալու ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում: Ի՞նչ գործոններ են դեր ունենալու կոնկրետ Նիկոլ Փաշինյանի թիմի երիտասարդների պարագայում:
-Կարծում եմ՝ արդյունավետությունն ու հնարավոր սայթաքումների քանակն ու որակը: Թե ով կմնա, ով ոչ՝ կարծում եմ՝ միայն Փաշինյանն ինքը գիտե:
- Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին: Որքանո՞վ եք լավատես ներդրումների հարցում. արդյոք մեծ գումարների ներգրավումը կարո՞ղ է երաշխավորված լինել միայն առկա լավատեսությամբ ու ոգևորությամբ:
-Աշխարհահռչակ հայերին ընդհանրապես պետք է հանգիստ վերաբերվել և հանգիստ թողնել: Հայկական հասարակությունը կռապաշտության է հաճախ հասցնում իր միջազգային հայտնիներին, մինչդեռ առավել պակաս հայտնի, բայց նույնքան կամ ավելի արժանավորներ հաճախ այդպիսի պաշտամունքի չեն արժանանում: Վերջապես անհրաժեշտ է ազատվել փոքր և դժվարությունների մեջ գտնվող ազգերին հատուկ բարդույթներից: Աճեմօղլուն կարող է աջակցել Հայաստանին, բայց դա պետք չէ կապել մեծ պրոցեսների հետ: Ինչ վերաբերում է ներդրումներին՝ արդեն կան գործարարներ, որոնք ցանկություն են հայտնել կա՛մ ներդնելու Հայաստանում և կա՛մ վերադառնալու Հայաստանյան բիզնես: Բայց ամեն բան կախված է դատական ոլորտի մաքրումից, իրական արդարադատության հաստատումից և տնտեսական կարգավորումներից ու ազատականացումից: Որքան արագ դրանք տեղի ունենան, այնքան արագ կգան ներդրումները Հայաստան: Կարծում եմ՝ դրանք առաջնահերթություններ են այս նոր իշխանության համար, հետևաբար՝ լավատեսությունը մեծ է:
- Հայրենադարձության մեծ ալիք սպասո՞ւմ եք:
-Ոգևորությունը մեծ է հիմա: Եվ դա արդարացված է: Բայց հայրենադարձությունը լրջագույն փոփոխություն է յուրաքանչյուր մարդու կյանքում, և պահի ազդեցության տակ այն հնարավոր չէ կատարել: Իհարկե, այս փուլում կլինի հայրենադարձության որոշակի ալիք, սակայն իսկական և լայնածավալ հայրենադարձության կարելի կլինի սպասել միայն արդեն իրական արդյունքների երևալուն և փոփոխությունների զգալի դառնալուն զուգահեռ:










