Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել
Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են իրականացնում: Դպրոցի բակում աշակերտներն ու նրանց ծնողները պահանջում են տնօրենի` Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը՝ «Ոսկանյան, հեռացի՛ր» գրառմամբ:
Քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը տեսանյութ է հրապարկել, որտեղ դպրոցի տնօրենը զրուցում է ակցիայի մասնակիցների հետ: Ծնողները նրան մեղադրում են պարբերաբար դրամահավաքություն կատարելու և այլ անօրինական գործողությունների մեջ: Տնօրենը հերքում է մեղադրանքները:
Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս ակցիան շուտով կավարտվի, քանի որ տնօրենը վստահեցրել է, որ հրաժրականի դիմում է գրել, որպեսզի ներկայացնի մարզպետարան:
«Ժողովրդի պահանջը դա էր, ասաց, որ կատարում է, մեղադրանքները չի ընդունում։ Չեմ կարծում, որ մեր դպրոցի հետ կապված որևէ հարց կա, որով պետք է զբաղվեն իրավապահները»,-շեշտեց գյուղապետը:
Մարզպետարանից Tert.am-ին տեղեկացրին, որ հրաժարականի դիմում չեն ստացել:
Անի Գևորգյան










