Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել (ուղիղ միացում, լուսանկարներ)

15:32 • 14.05.18

Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով առնվազն 16 պաղեստինցի է զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին:

Ավելի քան 500 մարդ է վիրավորվել, որոնցից առնվազն 200-ը վիրավորվել է մարտական փամփուշտներից:

Իսրայելցիները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել սահմանի երկայնքով՝ վախենալով, որ այսօր Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման պատճառով վրդովված հազարավոր պաղեստինցիներ կփորձեն հատել սահմանը:

Իսրայելցի զինվորականների հաշվարկների համաձայն՝ ի նշան բողոքի Իսրայելը և Գազայի հատվածը բաժանող պատնեշի երկայնքով հավաքվել է մոտ 10 հազար պաղեստինցի: Սահմանակից հատվածները բանակը հայտարարել է փակ գոտի և խոստացել է կոշտ կերպով կանխել «պետության ինքնիշխանությանն ուղղված ցանկացած ոտնձգություն»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանն ընդառաջ: 

Հիշեցնենք, որ Երուսաղեմում այսօր՝ մայիսի 14-ին, կկայանա Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխված ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը:

Բացման արարողությանը Վաշինգտոնից ժամանել է մոտ 250 մարդուց բաղկացած պատվիրակություն: Այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի։

Բացի այդ, դեսպանատան բացմանն այցելելու են ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, ինչպես նաև նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:

Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

 

Image: Clashes in Gaza

Image: Clashes in Gaza