Սոչիում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը (տեսանյութ)

16:45 • 14.05.18

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը:


Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես սպասվում է՝ նիստի մասնակիցները կքվեարկեն Մոլդովային ԵԱՏՄ-ում պետական դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին:


Մինչ այդ, Սոչիում տեղի էր ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 


«Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը։ Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել»,- նշել է Վլադիմիր Պուտինը: