Չորս պայթյուն ինդոնեզական Սուրաբայա քաղաքում 2 օրվա ընթացքում. եկեղեցիների մոտ պայթյուններին հաջորդել է ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունը (տեսանյութ)

10:59 • 14.05.18

Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ որոտացած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ, այս մասին հաղորդում է Jakarta Post-ը։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է երկու մոտոցիկլետ մոտենում բաժանմունքին, ինչից հետո դրանցից մեկը պայթում է գործի դրված պայթուցիկ սարքի հետևանքով։

Հայտնի է նաև, որ մի քանի ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել։

Սա արդեն չորրորդ պայթյունն է Սուրաբայա քաղաքում վերջին երկու օրվա ընթացքում։

Նախօրեին եռակի ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել է 11 մարդ, կա 40 տուժած։

Առաջին պայթյունը որոտացել էր Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու մոտակայքում, հաջորդ երկու պայթյուններն իրականացվել էին մոտ 5 րոպեի տարբերությամբ՝ Դիպոնեգորո փողոցում գտնվող բողոքական եկեղեցու ու Արջունո փողոցում գտնվող «հիսունականների» եկեղեցու մոտ։

Տեղի ոստիկանապետը նշել էր, որ պայթյուններն իրականացվել են մեկ ընտանիքի 6 անդամների միջոցով՝ մոր, հոր, երկու որդիների և երկու դուստրերի, որոնք անչափահաս են եղել։

Հայրը, մայրը, ինչպես նաև նրանց 18, 16, 12 և 9 տարեկան երեխաները մահապարտներ են եղել, նրանք հարել են «Ջեմաա Անշարութ Դաուլա» ահաբեկչական խմբավորմանը։

Նույն օրը ևս մի պայթյուն էր որոտացել Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի Սիդոարջո քաղաքի բնակելի տներից մեկում, մահացել է 3 մարդ։