Երուսաղեմում Թրամփի անվան հրապարակ է բացվել

17:09 • 14.05.18

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման համար նախապատրաստվող տարածքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան հրապարակ է բացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոտ 10 քմ տարածքով, ծառերով և ծաղիկներով փոքր հրապարակի կենտրոնում գտնվում է դեկորատիվ օբյեկտ՝ խճանկարով զարդարված խնձոր:

Հրապարակում նաև տեղադրված է «Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ-ի հրապարակ» գրությամբ քարը՝ եբրայերենով, անգլերենով և արաբերենով:

Անգլերենով և եբրայերենով գրված է նաև, որ հրապարակը բացվել է Դոնալդ Թրամփի նախագահության օրոք՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Երուսաղեմում այսօր՝ մայիսի 14-ին, կկայանա Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխված ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը:

Բացման արարողությանը Վաշինգտոնից ժամանել է մոտ 250 մարդուց բաղկացած պատվիրակություն: Այն կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա չի գտնվի։

Բացի այդ, դեսպանատան բացմանն այցելելու են ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, ինչպես նաև նրա ամուսինը՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:

Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Այսօր Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած բախումներում առնվազն 16 մարդ է զոհվել: