Մալայզիայի նոր վարչապետը կոչ է արել ժողովրդին այսուհետ նախարարներին միայն ծաղիկներ ու սնունդ նվիրել

14:20 • 14.05.18

Մալայզիայում կրկին վարչապետի պաշտոնը ստանձնած Մահաթհիր Մոհամադը կոչ է արել ժողովրդին այսուհետ կառավարության անդամներին միայն ծաղիկներ ու սնունդ նվիրել՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար, գրում է РИА Новости գործակալությունը՝ մալայզիական The Star-ին հղումով։

«Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր նախընտրական շրջանում աջակցել են մեր կոալիցիային իրենց նվիրատվություններով, սակայն այժմ նվիրատվությունների ժամանակն ավարտվել է, և ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել նոր կառավարությանը, այսուհետ նախարարներին միայն ծաղիկներ ու սնունդ նվիրել», - ասել է վարչապետը։

Մոհամադի խոսքով՝ իրենք ցանկանում են վստահ լինել, որ նոր կառավարությունում կոռուպցիան կբացառվի։

«Երկրի ղեկավարումը պետք է իրականացվի օրենքի գերակայության միջոցով։ Մենք կհետևենք, որպեսզի օրենքին ենթարկվեն բոլորը՝ անկախ զբաղեցրած դիրքից», - նշել է վարչապետը։


Մահաթհիր Մոհամադը երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաև 1982-2003 թվականներին։