Քաղբանտարկյալներին ազատ արձակելու մեխանիզմները պետք է լինեն օրինական, ոչ թե ձևական օրինական. արդարադատության նախարար
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործընթացը պետք է համապատասխանի Հայաստանի Սահմանադրության մեջ առկա սկզբունքներին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հարցին՝ ի՞նչ եղանակներ են մշակվում քաղաքական բանտարկյալներին ազատություն տալու համար, Զեյնալյանը պատասխանեց.
«Մեխանիզմների մշակմանը պետք է մասնակցեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Դա միակողմանի չի կարող արվել: Դա պետք է լինի օրինական, համապատասխանի այն սկզբունքներին, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրության մեջ: Տարբեր մեխանիզմներ կան: Պետք է գտնել ամենաօպտիմալը, որպեսզի և՛ հասնենք նպատակին, և՛ չվնասենք սկզբունքները»:
Նախարարը հրաժարվեց հայտնել իր անձնական կարծիքը, թե քաղբանտարկյալների ազատ արձակման «օպտիմալ» լուծումը որը կարող է լինել: «Իմ կարծիքը հայտնելը սխալ է»,- հավելեց նա:
Ճշտող հարցին՝ արդյոք թեմայի շուրջ հանրային քննարկում է նախատեսվում անցկացնել, արդարադատության նախարարը պատասխանեց, որ տարբեր շերտերի առջև դրվել են խնդիրներ՝ լուծումը գտնելու համար:
«Լուծումը պետք է լինի օրինական, ոչ թե ձևական օրինական»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Իսկ այն հարցին, թե ինչպես է հարթվելու վեճը՝ ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ, նախարարը պատասխանեց, որ առկա խնդիրներից մեկն էլ հենց այս հարցն է:
Երբ փորձեցինք ճշտել, թե ովքեր են քաղբանտարկյալներ՝ իր կարծիքով, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ինքն իր տեսակետը չի կարող հնչեցնել, դա մեթոդաբանական սխալ կլինի:
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս անդրադարձել էր քաղբանտարկյալների խնդրին ու ասել, որ նման անձինք պետք է ազատ արձակվեն:
«Տեսնենք` ինչ օրինական ճանապարհ կա, որ լուծենք, եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին: Եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չէ կիրառել`հնարավոր է կիրառել ներման ինստիտուտը: Բայց ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմանում»,- ասել էր Փաշինյանը:










