ՏԿՏՏ նախարարն ընդունել է փողոցը փակած անհատ տաքսու վարորդներին. նրանք իրենց առաջարկները կներկայացնեն գրավոր

18:24 • 16.05.18

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է անհատ տաքսու վարորդներին, ովքեր փակել էին Բաղրամյան 26-ի դիմացի հատվածը և հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տաքսու վարորդները նախարարին ներկայացրել են իրենց պահանջները` զրոյացնել լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները: Ինչպես նաև նրանք դժգոհում են արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից: Տաքսու վարորդներից մեկը նշեց, որ նախարարությունը աջ ղեկով մեքենաների վարորդներին լիցենզիա չի տրամադրում, սակայն օնլայն տաքսու վարորդների 90 տոկոսը վարում է աջ ղեկով մեքենա:

Աշոտ Հակոբյանը, լսելով տաքսու վարորդներին, ասել է, որ նրանց բարձրացրած խնդիրները 10 տարվա խնդիրներ են.«Այժմ երկրում իրավիճակ է փոխվել, կառավարությունը հակված է աշխատել ժողովրդի հետ, իհարկե, հանդիպումներ կլինեն, խնդրում եմ հարցերը գրավոր ձևակերպեք, ներկայացրեք ու քննարկենք:

Ասեմ, որ այդ խնդիրներին մեկ-երկու օրվա մեջ լուծում չի տրվի, կառավարություն ներկայացնելու, քննարկման համար ժամանակահատված է  սահմանված»,-ասել է նախարարը:

Տաքսու վարորդները որոշել են առաջիկա երկու օրվա ընթացքում իրենց առաջարկները ներկայացրել նախարարին, բացի այդ նախարարին հորդորել են կադրային փոփոխություններ անել իրենց վերաբերող ոլորտում: