ԲԴԽ-ը դիրքորոշում չունի՞, արդյոք հանրային քննարկումը չի՞ ճնշի դատարանին. Գ. Կոստանյանը՝ ՊՊԾ գնդի գործով հանրային քննարկում անցկացնելու մասին
Հանրային քննարկումները որևէ քրեական գործի վերաբերյալ կարող են ճնշում գործադրել դատարանի նկատմամբ,իսկ արդարադատության իրացումը բացառում է նաև հանրային ճնշումը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իր համար ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը խիստ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար, և այդ նպատակով պետք է լինեն հանրային քննարկումներ տարբեր ձևաչափերում:
-Պարո՛ն Կոստանյան, իրավապահները բազմիցս են բարձրաձայնում դատարանների անկախության խնդրի մասին,հանրային քննարկումների կազմակերպումն արդյոք չի՞ կաշկանդի հասարակական հնչեղություն ունեցող գործերով դատավորներին,մասնավորապես ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների գործը քննող դատավորներին։
-Ցանկացած քրեական գործի կամ դատարանում քննվող որևէ գործի առնչությամբ հանրային քննարկումների իրականացումը նույն ՄԻԵԿ կոնտեքստում կարող է դիտվել որպես ճնշում դատարանի և արդարադատության վրա, հետևաբար, ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել՝ արդյոք որևէ քրեական գործի վերաբերյալ, որը գտնվում է դատական քննության փուլում, հանրային քննարկումները չեն դիտվի ճնշում արդարադատություն իրականացնող դատավորի վրա։ Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը այս հարցի վերաբերյալ պետք է հայտնի իր դիրքորոշումը։
-Իսկ իրավաբանորեն, Ձեր տեսակետից, արդյոք հանրային քննարկման անցկացումը հենց ճնշում չէ՞։
-Ես ունեմ իմ միանշանակ դիրքորոշումը, բայց եթե ես այն արտահայտեմ՝ դա կարող է դիտվել կաշկանդող Բարձրագույն դատական խորհրդի համար, հետևաբար, ես պարզապես ակնկալում եմ ԲԴԽ-ի արձագանքը որևէ քրեական գործով հանրային քննարկում անցկացնելու վերաբերյալ։
-Պարո՛ն Կոստանյան, ընդունենք, որ հանրային քննարկում է տեղի ունենում, կայացվում է որոշում, դա ի՞նչ ազդեցություն կունենա իրավական առումով։ Հանրային քննարկումներն իրավական հետևանք կարո՞ղ են ունենալ։
-Հանրային քննարկումն իրավական ոչ մի հետևանք չունի և չի էլ կարող ունենալ, բայց հանրային քննարկման փաստը և արդյունքը կարող են դատարանին կաշկանդել, ճնշում գործադրել, իսկ արդարադատության իրացումը բացառում է նաև հանրային ճնշումը։










