Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ չեմ տեսնում. իսրայելցի նախարարը կոչ է արել աջակցել Քնեսեթում ներկայացվելիք նոր բանաձևին
Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի Ynet News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ոչ մի բարոյական և պատմական պատճառ չի տեսնում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար»՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «իսկապես թշնամի է»:
Իսրայելցի նախարարը կոչ է արել աջակցել ընդդիմադիր պատգամավոր Իցիկ Շմուլիի առաջարկած օրինագծին, որը Իսրայելի կառավարությանը կոչ է անում Օսմանյան կայսրության՝ 1915-1917 թվականներին իրականացրած 1.5 մլն հայի համակարգված բնաջնջումը ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն:
Խոսելով Էրդողանի քննադատությունների մասին՝ նախարարն ասել է. «Նա վերջինն է, ով կարող է քարոզ կարդալ մեզ, սակայն առաջինն է, որ դա անում է»:
Իսրայելի և Թուրքիայի միջև նոր դիվանագիտական սկանդալ է ծագել, երբ Էրդողանը քննադատական ելույթներով է հանդես եկել Իսրայելի նկատմամբ՝ պայմանավորված Գազայում իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ պաղեստինցի ցուցարարների սպանությամբ:
Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին և հետ ուղարկել իսրայելցի դեսպանին և հյուպատոսին:
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայում իրենց դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանում՝ ստիպելով նրան խստագույն վերահսկողություն անցնել տեսախցիկների առաջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պատգամավորներից Ամիր Օհանայի և «Սիոնիստական միություն» կուսակցության պատգամավոր Իցիկ Շմուլինի կողմից պատրաստվող նոր բանաձևը նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի քննարկմանը:










