ԱՄՆ-ում սրճարանի այցելուին չեն սպասարկել՝ մահմեդական այցելուին վիրավորելու համար (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքի սրճարաններից մեկի աշխատակիցը հրաժարվել է սպասարկել այցելուին՝ մահմեդական այցելուի հասցեին հնչեցրած իսլամաֆոբ արտահայտություններից հետո: Միջադեպին անդրադարձել է The Independent-ը:
Նշվում է, որ վիրավորված կին այցելուն նկարահանել է տեղի ունեցածը, և տեսանյութը հրապարակվել է տարբեր սոցցանցերում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Քեթլին Դեդի անունով մահմեդական կինը կանգնած է եղել հերթի մեջ՝ միջին տարիքի տղամարդուց հետո: Վերջինս շրջվել և հարցրել է՝ արդյոք հիմա Հելոուին է: Կինը հարցրել է՝ ինչու է նա այդպես ասում, ինչն այն չէ և ինչ խնդիրներ նա ունի մահմեդականների հետ:
«Դուք ինձ ասեք՝ ինչը ձեզ հետ այն չէ», - ասել է տղամարդը՝ հավելելով, որ ինքը չի սիրում մահմեդականության հետևորդներին, քանի որ նրանց ուսմունքը «կոչ է անում սպանել իրեն»:
Տղամարդը նաև ասել է, որ ինքը բավական լավ է ուսումնասիրել Ղուրանը՝ իր հայացքներին հետևելու համար:
Տեղի ունեցածից հետո սրճարանի այցելուները սկսել են գոռալ տղամարդու վրա՝ ռասիստ անվանելով նրան և կոչ անելով լքել հաստատությունը: Աշխատակիցները նույնպես հրաժարվել են սպասարկել նրան:
«Նա խախտում է հասարակական անդորրը և ծայրահեղ ռասիստական է տրամադրված, ահա թե ինչու չենք սպասարկում նրան», - պարզաբանել է սրճարանի մենեջերը հաստատության աշխատակիցների պահվածքը:










