Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն իրավական ճանապարհով, հակառակ դեպքում դա չի տարբերվի ոչ իրավական մոտեցմամբ ազատազրկելուց. կարծիքներ
Նախկին դատավոր Պարգև Օհանյանի խոսքով՝ դատավորների նկատմամբ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ճնշում գործադրել, ճնշում կարող է գործադրել միայն ժողովուրդը, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Քաղբանտարկյալները ազատության մեջ պետք է հայտնվեն զուտ իրավական ճանապարհով, այլապես ոչ իրավական մոտեցմամբ ազատություն տալը ոչնչով չի տարբերվի ոչ իրավական մոտեցմամբ ազատությունից զրկելուց»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պարգև Օհանյանը նաև ընդգծեց, որ իրավունքում քաղբանտարկյալ հասկացություն չկա:
«Մենք լավ գիտենք, որ քաղբանտարկյալները ազատազրկված են քրեական գործերով և քրեաիրավական դաշտում էլ պիտի խնդիրները լուծել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այդպես ասաց: Գործերը պետք է վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում վերանայվեն, առաջին հերթին խափանման միջոց փոխվի, որոշ դեպքերում էլ, եթե պատիժը կրում են պայմանական, վաղաժամկետ ազատում կիրառվի կամ համաներում շնորհվի»,-շեշտեց նա:
Պարգև Օհանյանը ընդգծեց՝ գործադիրում առաջին դեմքերի փոփոխությունից հետո իրավական մարմիններում, խորհրդարանում ևս փոփոխություններ են պետք, որպեսզի իրավական խնդիրների լուծման համար պատային իրավիճակ, հակադրություններ չլինեն:
Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին պիտի խորհրդարանը անվստահության հայտնի գլխավոր դատախազին, ով շարունակում է պնդել, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ քաղբանտարկյալներ են Ժիրայր Սեֆիլյանը, Շանթ Հարությունյանը և ընկերները, Սամվել Բաբայանը, Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, Արարատ Խանդոյանը: Նա ընդգծեց, որ իրավապաշտպանները բազմիցս ասել են, որ քաղաքական բանտարկյալների սահմանումը տալիս են՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի 1900 բանաձևի չափորոշիչները:
Չափորոշիչներում հստակ սահմանված է, որ անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքները սահմանափակված են: Դրանք են՝ մտքի, խղճի և կրոնական համոզմունքների ազատության սահմանափակումը, տեղեկատվության և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը, հավաքների և միավորումներ ստեղծելու ազատության սահմանափակումը:
«Երկրորդ չափորոշիչն այն է, որ մարդը ազատազրկվել է քաղաքական դրդապատճառներով, ասենք՝ ձերբակալել են կուսակցական պատկանելության կամ քաղաքական գործունեության համար: Մյուս չափորոշիչն այն է, որ քաղաքական դրդապատճառներով ազատազրկման պայմաններն ու ժամկետները համարժեք չեն կատարված հանցանքին: Քաղաքական դրդապատճառ է համարվում այն դեպքերում, երբ պահման պայմանների, ազատազրկման տևողության հարցում խտրական վերաբերմունք է դրսևորվում նույն հանցանքը կատարած անձանց միջև: Հաջորդը վերաբերում է արդար դատաքննությանը: Եթե դատական պրոցեսում վկաների նկատմամբ ցուցաբերվում են ճնշումներ, ի հայտ է գալիս ապացույցների անբավարարությունը, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում միջնորդությունների ներկայացման ժամանակ, ապա կա քաղաքական դրդապատճառ»,-շեշտեց նա:
Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրավողներին՝ Արթուր Սաքունցը ասաց, որ խմբի անդամները իրենք էլ իրենց քաղբանտարկյալներ չեն անվանել:
«Սասնա Ծռերը իրենք իրենց հայտարարել են ռազմագերիներ, նրանք իրենց ապստամբելու իրավունքը իրականացրեցին, ապստամբելու իրավունքը քաղաքական գործունեության տեսակ չէ, լիովին հասկանում ենք, որ իրենք իրականացրել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված ընդվզելու իրենց իրավունքը: Եթե մարդկային զոհեր չլինեին, գործը հեշտ կլիներ: Մենք ասում ենք, որ արդարացի քննություն պետք է իրականացվի, նախորդին չենք վստահում: Ոստիկանների մահվան հանգամանքների վերաբերյալ բազմաթիվ վերապահումներ ունեմ: Հարց տամ, առաջին օրը, երբ Վանոյանը մահացավ, հո միայն ինքը այդտեղ չէր, հայտարարում են՝ առնվազն 8 մարդ կար և սպանելու դիտավորություն ունենայի, նրանց էլ կսպանեին: Բայց զինված մեթոդը քաղաքական պայքարի միջոց չէ»,-եզրափակեց նա:
Արթուր Սաքունցը ևս կարևոր համարեց, որ քաղբանտարկյալները ազատ արձակվեն իրավական ճանապարհով, ոչ թե ցուցումներով:










