Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ՝ ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու պահանջով

17:47 • 16.05.18

Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ մի շարք քաղաքացիների կողմից, ովքեր պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գունդը գրաված անձանց։

Ամբողջ դատաիրավական համակարգը ևս պիտի փոխվի, որպեսզի դատարաններն արդար դատաքննություն իրականացնեն և Արշակունյաց պողոտան փակած, ընդվզող քաղաքացիները դա են պահանջում»,- Теrt.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա ոչ իրավական է համարում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել է ՊՊԾ գունդը գրաված անձանցից Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

«Այստեղ բոլորը վճռական են տրամադրված, ուզում եմ ասել, որ որևէ կապ չունի ով կհորդորի դադարեցնել ակցիաները, չեն դադարեցնի: Քաղաքացիները ուզում են տեսնել արդարադատություն: Քաղաքացիներն  ինքնակազմակերպվել են, իրենց գործողությունները վստահեցնում եմ՝ ինքնաբուխ են»,-շեշտեց նա:

Նշենք, որ Արշակունյաց փողոցում կան նաև մի շարք ոստիկաններ, որոնք չեն միջամտում ակցիայի մասնակիցների գործողություններին: Ակցիայի մասնակիցները ճանապարհը բացում են զինվորական ծառայություն իրականացնող անձանց և Շտապօգնության մեքենաների համար: