Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, բայց գործարքն այժմ չեղարկելը սխալ է. Մերկել
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, բայց գործարքն այժմ չեղարկելը սխալ է: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի բունդեսթագում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ համաձայնագիրը բոլորովին կատարյալ չէ, բայց ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեղեկություններով՝ Իրանը պահպանում է այդ համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները: Այն միաձայն հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և այդ պատճառով մենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև ԵՄ մյուս անդամ երկրները սխալ ենք համարում այս իրավիճակում այդ համաձայնագիրը չեղարկելը»,- հայտարարել է Մերկելը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի՝ 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:
Նա Թեհրանին մեղադրել է համաձայնագրում առկա սողանցքներից օգտվելու ու միջուկային և հրթիռային ծրագրերը գաղտնի զարգացնելու համար: Բացի այդ, Թրամփը կարգադրել է անհապաղ աշխատանքներ սկսել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման ուղղությամբ:
Հայտնի է, որ «միջնորդ վեցյակի» մյուս երկրները քննադատել են Թրամփի քայլը՝ մատնանշելով վտանգավոր հետևանքները: Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը, ի տարբերություն Միացյալ Նահանգների, միշտ էլ կատարել է իր պարտավորությունները: Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած որոշման:










