ԱՄՆ-ի հետքերով. Գվատեմալան իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ

14:14 • 16.05.18

Գվատեմալան իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ դեսպանատան բացման արարողությունն անցել է արագ, չի ուղեկցվել բողոքի ցույցերով, իսկ երկու կողմերը նշել են իրադարձության «պատմական» պահը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դեսպանատան բացումը տևել է ընդամենը կես ժամ: Գվատեմալան ներկայացրել են դեսպան Սառա Սոլիսը, արտգործնախարար Սանդրա Խովելը և նախագահ Ջիմի Մորալեսը:

Նշվում է, որ Գվատեմալան դեսպանատուն է բացել Երուսաղեմում դեռ 1959 թվականին, սակայն շուտով ստիպված է եղել փակել այն՝ միջազգային ճնշման պատճառով: Այդ ժամանակից ի վեր դեսպանատունը գործել էր Թել Ավիվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ն պաշտոնապես բացել է Երուսաղեմում իր դեսպանատունը՝ կատարելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, որն ավելի վաղ քաղաքը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք: Դա լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։