Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը քննադատել է Մամեդյարովին և մեղադրել նրան ադրբեջանական դիվանագիտությունը խայտառակելու համար

13:37 • 16.05.18

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ներկայիս  արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ մայիսի 15-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպումը, հայտնում է minval.az-ը:

«Այնպիսի տպավորություն է, որ Էլմար Մամեդյարովը ներկայացնում է ոչ թե Ադրբեջանը, այլ ինչ-որ այլ երկիր…»,- ասել է նա՝ բողոքելով, որ Մամեդյարովը չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության ուղղությամբ ԱԳՆ-ի սահմանադրական պարտավորությունները՝ Զուլֆուղարովը նշել է, որ հարկավոր էր հայտարարել համանախագահներին, որ «Ադրբեջանը Ղարաբաղի օդային տարածքը փակ է հայտարարում օտարերկրյա զինվորականների և քաղաքացիական օդանավերի թռիչքների համար, իսկ այդ ռեժիմը խախտողները կկործանվեն ՀՕՊ միջոցներով»: Դրա փոխարեն Մամեդյարովը կրկին հանդես է եկել «անիմաստ և հոգնեցրած տեքստերով»:

«Ով չի կարող նորմալ աշխատել, պետք է հեռանա՝ իրեն և ադրբեջանական դիվանագիտությունը չխայտառակելու համար»,- գրել է Զուլֆուղարովը: