Ասադի հայրենի շրջանում տարածվում է ռուսերենը, այն արդեն հայտնվել է խանութների և սրճարանների անվանումներում. Al Arabiya
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հայրենի շրջանում՝ Լաթաքիա նահանգում, որտեղ 2015 թվականի աշնանից տեղակայված են ռուսական ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, տարածվում է ռուսերենը: Այն արդեն հայտնվել է խանութների և սրճարանների անվանումներում՝ արաբերեն տառերի կողքին, ինչպես նաև՝ գովազդային ցուցանակներում, գրում է Al Arabiya-ն:
Ինչպես գրում է կայքը, 2015 թվականին ռուսական ներկայության ընդլայնման հետ մեկտեղ, երբ Մոսկվան այդտեղ տեղակայեց իր ռազմական ստորաբաժանումները, Լաթաքիան դարձավ յուրահատուկ շրջան, որտեղ ռուսական խոսքը սկսեց հնչել արաբերենի կողքին: Հաղորդվում է, որ շրջանում անգամ սկսել է աճել ռուսական օղու պահանջարկը:
2016 թվականին, Սիրիայում ռուսական ռազմական ներկայության ընդլայնումից հետո մեծացել է զինվորականների թիվը, որոնք բազա են ժամանել ռուսական կառավարության հրամանագրով, ինչպես նաև նրանց թիվը, ովքեր պայմանագիր են ստորագրել՝ Սիրիայի պաշտպանության նախարարության հետ ռազմական գործողություններին պաշտոնական պայմանագրով մասնակցելու համար: Լաթաքիայում անմիջապես հայտնվել են խանութներ, որոնք սկսել են ռուսական համազգեստ վաճառել:
2015 թվականից Սիրիայի դպրոցներում սկսել են ռուսերեն ուսումնասիրել՝ որպես ընտրովի երկրորդ օտարերկրյա լեզու, որն ուսումնասիրվում է 7-րդ դասարանից:
Լրատվամիջոցը նշում է, որ Ասադի կողմնակիցները տարբեր կերպ են փորձում իրենց երախտագիտությունը հայտնել Ռուսաստանին՝ երկրին ռազմական օգնություն տրամադրելու համար: Նրանց մի մասը Ռուսաստանի նախագահին անվանում է «Աբու Ալի Պուտին», մյուսներն իրենց նորածիններին «Ռոսիա» են անվանակոչում, իսկ մի մասն ընդհանրապես հրաժարվում է ռուս զինվորականներից գումար վերցնել:










