ԵԽԽՎ-ում պատժամիջոցներ են սահմանել ադրբեջանցի Սամեդ Սեիդովի և կոռուպցիայի համար կասկածվող ևս 3 պատվիրակի դեմ
Լուսանկարում՝ Պեդրո Ագրամունտն ու Սամեդ Սեիդովը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի և պատգամավոր Ժորդի Շուկլայի դեմ, հայտնում է minval.az-ը:
Այդ մասին Facebook-ում հայտնել է ԵԽԽՎ փոխնախագահ, ուկրաինական պատվիրակության անդամ, Պյոտր Պորոշենկոյի դաշինքից ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Արևը:
Հաղորդվում է, որ նրանք երկուսն էլ ռուսական ինքնաթիռով թռել են Սիրիա՝ այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման:
«Ագրամունտին և Ուկրաինայի գծով նախկին համազեկուցող Շուկլային Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են ճանաչել վարքագծի կանոնների լուրջ խախտման համար: Նրանք երկուսն էլ զրկվել են ԵԽԽՎ անդամների համար գործող կանոններով նախատեսված իրավունքներից՝ բացի ձայնի և բանաձևեր նախաձեռնելու իրավունքից: Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 10 տարով, իսկ Շուկլայի դեմ՝ 2 տարով»,- գրել է նա:
«Եվրոպեյսկայա պրավդա»-ին տված մեկնաբանությունում Արևը հստակեցրել է, որ հանձնաժողովը համաձայնել է պատգամավորներին պատժելու անհրաժեշտությանը՝ չնայած իրավաբանորեն նրանց մեղքը դեռ ապացուցված չէ: Որոշումը հիմնվել է ԵԽԽՎ-ում համակարգային կոռուպցիայի մասին արտաքին քննչական խմբի զեկույցի հիման վրա:
Ագրամունտից և Շուկլայից բացի, ուկրաինացի պատգամավորի խոսքով, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև պատվիրակներ Չեզար Ֆլորին Պրեդան և ադրբեջանցի Սամեդ Սեիդովը: Նրանց նկատմամբ սահմանափակող միջոցներ են սահմանվել երկու տարով:










