ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների աջակիցները բացեցին Արշակունյաց պողոտան, դատարանի շենքը կմնա շրջափակված
Ավելի քան 24 ժամ վրաններով ու մեքենաներով փակված Արշակունյաց պողոտան բացվել է: Նշենք, որ պողոտան փակել էին ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող ամբաստանյալների աջակիցները այն բանից հետո, երբ դատարանը մերժեց փոխել նրանց խափանման միջոց կալանքը:
Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, թե պետք է դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունները, ցուցարարները քննարկում են իրականացրել և որոշել բացել, սակայն միայն ճանապարհը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց 15:00-ից հետո դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունը, բոլոր խնդիրները պետք է գրավոր ուղղվեն Կառավարությանը, որպեսզի իրենք ըստ առաջնահերթության կարողանան դրանց անդրադարձ կատարել:
Ցուցարարներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել են դադարեցնել ճանապարհի փակումը, շրջափակումը, բացել երթևեկությունը, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի շենքը պետք է արգելափակվի. «Դատարանի ելքն ու մուտքը կմնա փակ, մեր պահանջը մնում է ուժի մեջ, որը պատվիրակների միջոցով կտեղեկացվի պատկան մարմիններին: Ցանկալի կլիներ անձամբ Փաշինյանի հետ հանդիպել, քանի որ այս գործի վերաբերյալ, ինչպես ինքն է հայտարարել, իրավական կարգավորման հարց կա: Գիտակցելով այդ ամենը` մենք որոշեցինք այդ հարցերը քննարկել: Դատարանի շենքը կմնա փակ»:
Այս պահին փորձում են բացել ճանապարհն ամբողջությամբ, այնտեղ կան մեքենաներ, որոնց վարորդները տեղում չեն, և ճանապարհը փորձում են բացել Ճանապարհային ոստիկանների օգնությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, որը դատավոր Մակյանը մերժեց:










