Համոզված ենք, որ կարող ենք իրականացնել երկպալատ խորհրդարանական համակարգի ձևավորման աշխատանքները. «Համահայկական Սենատի» պատասխանատու
Նախորդ տարվանից՝ Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովից հետո, հիմնադրվել է «Համահայկական Սենատ»՝ Վերնախորհուրդ, որը, ըստ հիմնադիրների, իրավաքաղաքական մարմին է, որի նպատակն է ներկայացնել և պաշտպանել Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող տասը միլիոն և ավելի հայության իրավունքները՝ այն մասով, որ մասով Հայաստանի Հանրապետությունը իրավասու չէ, նաև որպես բարձր լիազորություններ ունեցող իրավաքաղաքական մարմին՝ տասը միլիոն հայության անունից պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը:
Սենատի հիմնադիրների համոզմամբ՝ Համահայկական Սենատն իրականացնում է նույն գործառույթները, որոնք պետք է իրականացներ Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկած «երկպալատ խորհրդարանական» համակարգի պարագայում Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված պալատը:
Tert.am-ը զրուցել է Համահայկական Սենատի և Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիայի ԵՄ պատասխանատուներից Կարինե Հայրապետյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ կարծիք ունեն Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկի մասին և «Սենատ» անվանված իրենց կառույցը ի՞նչ աղերսներ կարող է ունենալ այդ առաջարկի հետ:
Կարինե Հայրապետյանի խոսքով՝ իրենք ողջունում են Սփյուռքի նախարարի դիրքորոշումը և կարծում, որ հայտարարությունն արված է ժամանակին, և իրապես կարիք կա արտերկրում ապրող հայության ուժին տալ իրավականություն։
«Մենք համոզված ենք, որ մեր կառույցը կարող է իրականացնել ձևավորման աշխատանքները, մենք ունենք բոլոր ռեսուրսները՝ իրավական, քաղաքական, տեխնիկական և մարդկային, որպեսզի այս աշխատանքն իրականացվի ավելի արագ, անհրաժեշտ կլինի ունենալ Հայաստանի Հանրապետության աջակցությունը։ Այսօր Համահայկական Սենատի՝ Վերնախորհրդի պատասխանատուները գործում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իսպանիայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Իսրայելում, Լիբանանում, Սիրիայում, Վրաստանում, Հայաստանում։ Աշխատանքներին մասնակցում են նաև Ադրբեջանի հայ փախստականների լիազոր ներկայացուցիչները և այլն»,- ասաց նա:
Սենատի հիմնադիրներն են սփյուռքյան և հայաստանյան տարբեր կառույցներ՝ Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան (ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան), Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը (Հայաստան), Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոնը (Հայաստան), Հայաստանի Մտավորականների Ֆորում և Ավագանին (Հայաստան), «Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարը (ԱՄՆ): Կառույցը կազմված է 501 անդամից:
Ինչպե՞ս են իրականացնում իրենց աշխատանքը սփյուռքյան կառույցների հետ: Կարինե Հայրապետյանի ներկայացմամբ՝ իրենք հնարավորություն են ստեղծում բոլոր կառույցների համար գործել իրենց ծրագրերի շրջանակներում։
«Սենատում՝ Վերնախորհրդում, նախատեսված է հինգ հարյուր տեղ, որոնք քվոտավորված են ըստ երկրների և կառույցների։ Արտերկրում գործող բոլոր հայտնի և հասարակական բարձր հեղինակություն ունեցող ավանդական և նոր ստեղծված կառույցներն ունեն իրենց քվոտաները։ Յուրաքանչյուր անհատ կարող է ինքնաառաջադրվել՝ ապահովելով որոշակի պայմաններ. մասնավորապես՝ նա պետք է լինի 33 տարեկան, չդատված, ունենա հանրային հեղինակություն, տիրապետի հայերենին՝ կա՛մ գրավոր, կա՛մ բանավոր, նրան պետք է երաշխավորեն հանրային բարձր հեղինակություն ունեցող երեք անձինք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե սփյուռքյան և ներհայաստանյան գործընթացներում ներգրավվածություն ունենալու համար ճանաչվածություն է պետք, ինչպե՞ս են իրենք պատկերացնում իրենց գործունեությունը, Կարինե Հայրապետյանը պատասխանեց․
«Ճանաչվածությունը ձեռք է բերվում միայն արդյունք ունենալուց հետո, որևէ կառույց իր հիմնադրման պահին չէ, որ դառնում է հայտնի, նա հայտնի է դառնում միայն արդյունք ունենալուց հետո։ Մենք կարևոր ենք համարում այն, որ հայրենիքից դուրս ապրող տասը միլիոն և ավելի հայությունը այլևս չի կարող ապրել առանց իր իրավունքը ներկայացնող կառույցի, իսկ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող հապաղել։ Մենք պետք է համագործակցենք ՀՀ իշխանությունների հետ և պարտավոր ենք կենսագործել Համահայկական Սենատի՝ Վերնախորհրդի ծրագիրը։ Նորից կրկնեմ, մենք ունենք բոլոր ռեսուրսները՝ իրավական, քաղաքական, տեխնիկական և մարդկային: Բացակայում է միայն Հայաստանի Հանրապետության բարձր իշխանությունների կամքը»:










