Սուրենավանի կարկտակայանը չի գործել, որովհետև գյուղապետը չի մարել կարկտակայաններին գազ մատակարարող ընկերության պարտքը. ԱԻՆ
Մայիսի 8-ից մինչև օրս կարկտից վնաս կրած բոլոր համայնքներում ուսումնասիրություններ են կատարվում: Ուսումնասիրության վերջնական արդյունքները պատրաստ լինելու դեպքում կդիմենք Կառավարություն և հետագա քայլերի մասին կմտածենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
«Հանձնաժողովը դեռևս շարունակում է աշխատանքներն անել: Թույլ տանք, որ հանձնաժողովները մի քանի օր աշխատեն, տվյալներն ունենանք, այդ ժամանակ կխոսենք հետագա քայլերի մասին»,- նշեց նա:
Նախնական տվյալներով՝ Սուրենավանում կարկտահարության հետևանքով վնասվել էր 115 հա, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ թիվը գնալով նվազում է. «Մի տեղ վնասվածությունը ցածր է, մի տեղ բարձր է, բայց այս պահի դրությամբ հստակ թվեր նշելը ճիշտ չի լինի»:
Ինչ վերաբերում է կարկտահարության վնասների փոխհատուցման հարցին, Աշոտ Հարությունյանը պատասխանեց. «Փոխհատուցման մասով այս պահին դեռ ոչինչ չենք խոսում, մենք ընդամենը արձանագրում ենք կարկտի հասցրած վնասի չափը: Այդ ամբողջ ակտերը նախարարությունը կամփոփի, կներկայացնի Կառավարություն, հետագայում արդեն ընթացքում կտեսնենք՝ ինչ մոտեցում հանդես կբերվի»:
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ փոխհատուցումը հողի, ջրի վարձերի զրոյացման ձևով լինի, փոխնախարարը հայտնեց. «Այս պահին եկեք ոչինչ չասենք, որովհետև դա կարող է սխալ մեկնաբանվել, սխալ ուղղությամբ գնալ: Մենք ունենք վնասներ, այդ ուղղությամբ աշխատում ենք»:
Հիշեցնենք, որ սուրենավանցի Գագիկ Մկրտչյանի՝ շուրջ 25 հեկտար ծիրանի այգին մայիսի 15-ին մարզում տեղացած ուժեղ կարկտից գրեթե ամբողջությամբ տուժել է՝ կարկտակայանը գործարկելու համար լիցքավորման բալոնների բացակայության պատճառով: Սուրենավանցի ֆերմերի համար հատկապես ցավալի է այն, որ 10-15 օր առաջվանից սկսած, մտահոգ լինելով, որ կարկուտ կտեղա, գրեթե ամեն օր գյուղապետի առաջ կարկտակայանի լիցքավորման բալոնների հարց են բարձրացրել:
Գյուղատնտեսության փոխնախարարը հայտնեց, որ կարկտահարության հաջորդ օրը եղել է համայնքում, հանդիպել բնակչության հետ. «Կարկտակայանների սպասարկումը, լիցքավորումը արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթն է»,- ասաց նա:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ գազով լիցքավորվող կարկտակայանների սպասարկումը պետք է ապահովի գյուղապետարանը:
«Դա ԱԻՆ-ը չի իրականացնում, խնդիրն իրենցն է, և այդ գազով չապահովելու խնդիրը բազմիցս եղել է: Մարզային հակակարկտային կայանի պետը մի քանի անգամ բանակցել է գազ մատակարարող ընկերության հետ, որպեսզի իրենք գազը մատակարարեն, լցնեն: Սակայն պարտքը գյուղապետի կողմից մինչ օրս չի մարվել, և, ըստ երևույթին, այս անգամ արդեն ընկերությունն առանց գումարի հրաժարվել է լիցքավորել»,- նշեց Նանա Գնդոյանը:
Tert.am-ը պարզաբանում ստանալու համար փորձեց կապ հաստատել նաև Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանի հետ, բայց վերջինս չպատասխանեց զանգերին:










