Տարոն Մարգարյանի դեմ բողոքողների ու նրան աջակցողների ակցիան ավարտվեց
15:00
Ժամը 15:00-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիան դադարեցվել է:
Տարոն Մարգարյանին կողմ և դեմ արտահայտվող քաղաքացիները լքել են քաղաքապետարանի տարածքը Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո:
Նշենք, որ վարչապետը հորորդել էր 15:00-ի դրությամբ դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունները:
14։18
Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հեռարձակումից հետո հայտարարեցին, որ կհեռանան քաղաքապետարանի տարածքից: Նշենք, որ ուղիղ եթերի միջոցով Նիկոլը Փաշինյանը հորդորել է ժամը 15:00-ից դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունները:
Ի դեպ, Տարոն Մարգարյանի աջակիցները նույնպես նշեցին, որ ականջալուր են լինում Նիկոլ Փաշինյանի հորդորին և կհեռանան քաղաքապետարանի տարածքից: «Մենք լսում ենք մեր վարչապետին և հեռանում ենք այստեղից»,-ասացին Տարոն Մարգարյանի աջակիցները:
14:05
Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է. ակցիայի մասնակիցները բաժանվել են երկու խմբի:
Մի խումբ ցուցարարներ շարունակում են գոռալ՝ «Տարո՛ն, հեռացի՛ր», զուգահեռ ընթացող ակցիայի այլ մասնակիցներ վանկարկում են՝ «Տարո՛ն, քաղաքապե՛տ», «Տարո՛ն, վարչապե՛տ»:
Ակցիայի մասնակիցներից մեկին ոստիկանները փորձում էին նստեցնել ոստիկանական մեքենան, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց: Քաղաքացին գոռում էր, որ ինքը Մամիկոնյան Էդգարն է, և խնդրում էր անպայման այդ մասին հայտնել Նիկոլ Փաշինյանին:
Քաղաքացիներն ասում են, որ շտապօգնության մեքենան չի մոտենում, մեկ այլ քաղաքացու ուղեկցությամբ ոստիկանները տարան: Ոստիկանության աշխատակիցներին պնդմամբ՝ նրան հեռացնում են տարածքից:
13:38
Տարոն Մարգարյանի հրաժարականի համար պայքարողներից մեկը նշեց, որ այստեղ հավաքված քաղաքապետի աջակիցները թաղապետարանների, ժեկերի աշխատակիցներ են:
«Վախենում են, որ իրենց աշխատանքը կորցնելու են՝ իրենց ղեկավարին հեռացնելու դեպքում: Ես անձամբ նրանցից մեկին ճանաչում եմ»,- ասաց նա:
13:28
Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հասան քաղաքապետարանի շենք:
Այստեղ նրանց դիմավորեցին Տարոն Մարգարյանի կողմնակիցները: Նրանք փակեցին Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը, խոչընդոտեցին անգամ Երևանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության անդամին ներս մտնել:
Տարոն Մարգարյանի աջակիցները քաղաքապետարանի գլխավոր մուտքը փակելու պատճառը հիմնավորեցին նրանով, որ չեն ցանկանում, որ քաղաքապետարանի աշխատանքը խոչընդոտվի: 
13։26
Կառավարության դիմաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի քաղաքապետարանի շենք:
Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Տարոն Մարգարյանն այս տարիների ընթացքում վատնել է քաղաքային բյուջեն, կայացրել է անօրինական որոշումներ:
«Ինչպես Սերժ Սարգսյանը հեռացավ, Կառավարության կազմը փոխվեց, այնպես էլ Տարոն Մարգարյանը պիտի հեռանա, «Հանրապետականը» պիտի կապիտուլյացիայի ենթարկվի»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանց դիտարկմամբ՝ ակցիաները չեն դադարելու այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը չհեռանա քաղաքապետարանից:
Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց, ինչպես և երեկ, բողոքի ակցիայի մասնակիցներից բացի, հավաքվել են նաև քաղաքապետին սատարողները:
Ցուցարարների տարբեր ճամբարները միաժամանակ վանկարկում են «Տարո՛ն, հեռացի՛ր» և «Տարո՛ն, քաղաքապե՛տ»:
Քաղաքապետարանի մուտքը փակված է, քաղաքապետարանի պաշտոնյաներից ոչ ոք դեռ չի մոտեցել ցուցարարներին:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Երևանի քաղաքապետի, գլխավոր դատախազի հրաժարականների պահանջին և ասել, որ միանգամից բոլորի հրաժարականները պահանջելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:
«Հարցերին պետք է մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ՝ ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»,- շեշտել էր նա:
Անի Գևորգյան










