Ս. Բալասանյանը կշարունակի պաշտոնավարել. նրան անվստահություն հայտնելու նախաձեռնություն սկսած ավագանին դեմ քվեարկեց իր առաջադրած թեկնածուին

14:45 • 17.05.18

«Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները, ովքեր նախաձեռնել էին գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը և քաղաքապետի նոր թեկնածու էին առաջարկել Տիգրան Հովհաննիսյանին, քվեարկության ժամանակ մերժեցին իրենց առաջադրած թեկնածուին և դեմ քվեարկեցին: Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց Գյումրու ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը, որը Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցածն անվանում է կրկես:

Քվեարկությանը մասնակցել է ավագանու 18 անդամ, որից 15-ը Բալասանյան դաշինքից, մեկը՝ ՀՎԿ-ից, երկուսը՝ ԲՀԿ-ից: «Բալասանյան դաշինքն» ունի 17 մանդատ, մեկը Սամվել Բալասանյանն է, քվեարկությանը չի մասնակցել մեկ անդամ: Ավագանու նիստի ժամանակ բուռն քննարկումներից հետո ՀՎԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցում քվեարկությանը, ԳԱԼԱ խմբակցությունը 15 րոպե ընդմիջում  է խնդրել: ԲՀԿ խմբակցությունն ի սկզբանե բոյկոտել է նիստը: ԲՀԿ-ից ներկա են եղել միայն այն երկու անդամները, որոնք ստորագրել են անվստահություն հայտնելու նախագծի տակ:

Հիշեցնենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ ստորագրել էին 10 անդամ «Բալասանյան դաշինքից», մեկ՝ ՀՎԿ-ից, ԲՀԿ-ից՝ 2:

Նշենք, որ  այսօրվա նիստից առաջ, Սամվել Բալասանյանը դիմելով գյումրեցիներին, ասել  էր.   «Հարգելի գյումրեցիներ, պետք է ունենամ վստահություն, եթե չունեմ վստահություն, հանրային աջակցություն, ուրեմն՝ իրավունք չունեմ աշխատելու, հավատացեք՝ եթե չունեմ  աջակցություն, ուրեմն՝ իրավունք չունեմ աշխատելու, հավատացեք՝ ես կառչած չեմ պաշտոնից»: 

Հարցին, թե հնարավոր չէ՞ր որևէ կերպ կանխել այս գործընթացը, Արմենուհի Վարդանյանն ասաց. «Մենք նախապես իրենց խոհեմության կոչ արեցինք, ասացինք՝ կրկես մի կազմակերպեք: Ավելի լավ է հետ վերցրեք ձեր անվստահություն հայտնելու նախագիծը, որովհետև ի սկզբանե  մեզ համար անհասկանալի էր, որ իրենք իրենց իսկ նախաձեռնությանը պիտի դեմ քվեարկեին, ու այդպիսով վստահության քվե պետք է ձեռք բերեր Սամվել Բալասանյանը: Մենք մի քանի օր առաջ իրենց բարեկամաբար հորդորել ենք՝ եթերով նաև, բացատրել ենք, որ մենք հասկացել ենք, թե դուք ինչ եք անում, գիտենք ձեր քայլերի հաջորդականությունը»:

Արմենուհի Վարդանյանը կրկեսի գագաթնակետ է համարում այն, որ Բալասանյանի թիմակիցները քաղաքապետարան էին հրավիրել մարդկանց, որոնք հանդես էին գալիս կոչերով՝ ի պաշտպանություն Սամվել Բալասանյանի:

«Ես իմ ելույթում բացատրեցի նրան, որ սա ազնիվ խաղ չէ նաև սեփական ընտրողների նկատմամբ, և կրկեսն իր գագաթնակետին հասավ այնտեղ, որ մարդիկ էին բերվել՝ գարեջրի գործարանի աշխատակիցներ, երաժշտական դպրոցների ներկայացուցիչներ, որպեսզի սատարում հայտնեն: Եվ ես նրան հորդորեցի ընդունել այդ մարդկանց և բացատրել, որ սա  Ձեր նախաձեռնությունն է, որ Դուք եք Ձեզ անվստահություն հայտնել»,-հավելեց Արմենուհի Վարդանյանը:

Նույն խմբակցության մեկ այլ անդամ Լևոն Բարսեղյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գյումրու քաղաքապետի կազմակերպած «մասկի շոուն» ավարտվեց, տեղի ունեցավ անսպասելին, արտառոցն ու անհնարինը, ինքը մնաց քաղաքապետ: 

«Բալասանյան» դաշինքի անդամը ելել էր դաշինքի անդամ Բալասանյան Սամվելի դեմ ու պարտվեց: Սա նշան է պարապության, սա իրենց ընտրած գյումրեցիների պատիժն է՝ ընտրյալների ձեռով:

Բալասանյանը խոստովանեց, որ ինքն էր կազմակերպել էս մասխարեն: Որ իբր իր 10 խմբակիցներին ու մյուս 3-ին չքննադատենք: Բալասանյանը փորձեց բացատրել, որ իրեն անվստահություն հայտնելու հայտարարություններ են եղել, ու ինքն այլ եղանակ չի ունեցել, քան նման բան կազմակերպել»:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ Բալասանյանի թիմը, որ նախկինում մի քանի անգամ հասարակ խորհրդի համար դիմել էր իրեն, այս անգամ չէր դիմել ու ՏԻՄ օրենքում չէր  կարողացել գտնել հրաժարականի դրվագը, որը, հիշեցնենք, սահմանված է ՏԻՄ օրենքի  75-րդ հոդվածի 3-րդ կետում:

Որպես ամփոփում՝ Լևոն Բարսեղյանը գրում է. «Բալասանյանն ու թիմակիցները  այդպես էլ չեն ջոկել, թե ինչ է տեղի ունեցել երկրում: Դիմելու եմ ՀՀ արդարադատության նախարարին ավագանու այսօրվա  նիստի  գումարումն ու որոշումները ոչ իրավաչափ ճանաչելու հարցով»: