ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին կփոխարինի Դավիթ Անանյանը

11:44 • 17.05.18

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, և նա հայտնել է հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին: «Մենք որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի, և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,-ասաց վարչապետը:


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ Վարդան Հարությունյանին այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Անանյանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին աշխատանքի համար:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանը մինչ այս զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Վարդան Հարությունյանը շնորհավորեց նորընտիր կառավարությանը:


Դավիթ Անանյանի կենսագրությունը


Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երևանում։


Կրթությունը


1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:


Աշխատանքային փորձը


1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ


2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար


2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական և հարկային հետևյալ ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մասնակից․


2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու


2004թ. առ այսօր- ՀՀ տար­բեր բուհերում («Հա­յաստանում ֆրան­սիական համալ­սա­րան», «Հաշվա­պահ­ների ուսուց­ման միջազգային կենտ­րոն» հիմ­նա­դրամներում, Երևանի պե­տա­կան համալ­սարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դա­սա­խոս


2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ


Որակավորման հիմնական ոլորտները


ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության և եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր և միջազգային համաձայնագրեր


Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) և դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ


Մասնակցությունը հաշվապահական բարեփոխումներին


2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբա­գրման և տե­ղայնացման աշխա­տանքներին մասնակցություն որ­պես փորձագետ


2008-2013թթ.- հաշ­վե­­գրման հիմունքով Հան­րային հատվածի հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման միջազգային ստան­դարտ­ների թարգմանու­թյան ու խմբա­­գրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշ­վա­պա­հական հաշվառման ստանդարտի և նոր համա­կարգի ներդրման համար անհրա­ժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքն­երին մասնակցություն որպես փորձագետ


Անձնական տվյալներ


Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։