Ձեր ժամանակն այլ տեղ օգտագործելու հնար չկա՞ր. մեկնարկել է Ս. Բալասանյանին անվստահություն հայտնելու ավագանու նիստը
Գյումրիում ավագանու նիստը մեկնարկել է, որտեղ քննարկվում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը: Հարցն օրակարգ են բերել Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամները, ստորագրել է նաև 1 հոգի ՕԵԿ-ից, 2 հոգի՝ ԲՀԿ-ից: Գյումրու քաղաքապետի նոր թեկնածուն Տիգրան Հովհաննիսյանն է:
Սակայն Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշումը կասկածի տեղիք է տվել ավագանու ընդդիմադիր անդամների մոտ: Ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը հեգնանքով հորդորեց «Բալասանյան» դաշինքի անդամներին իրենց ժամանակն ավելի օգտակար տեղ ծառայեցնել:
«Ձեր ժամանակն այլ տեղ օգտագործելու հնար չկա՞ր: Մեր քաղաքապետի նոր թեկնածուի՝ Տիգրան Հովհաննիսյանի անունը մի լավ ման եկա ինտերնետում, տեսնեմ՝ հրապարակային նա պաշտպանել կամ քննադատել է Սամվել Բալասանյանին: Չկար ոչ մի բան՝ ո՛չ քաղաքի խնդիրների հետ կապված, ո՛չ քննադատություն, ո՛չ մի բանի: Պարո՛ն Հովհաննիսյան, ոչ մի բան չկար, բայց էս 2 օրը հայտնի դարձաք: Շատ տարօրինակ է, որ քաղաքապետի թեկնածուն որոշում է որևէ մեկի հարցերին չպատասխանել, էդ Ձեզ ստիպե՞լ են դառնալ քաղաքապետ, թե՞ կամավոր եք, եթե կամավոր եք, ապա Ձեզ շատ հարցեր կան»,- ասաց նա:
Բարսեղյանի համար նաև տարօրինակ էր այն, որ Տիգրան Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, թե ցանկանում է, որ Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը մնա իր պաշտոնում:
«Օրակարգ հարց եք մտցրել, բայց հիմա ասում եք, որ ուզում եք Բալասանյանը մնա: Ինչը Ձեզ խանգարեց օրակարգից հարցը հանել»,- ընդգծեց Լևոն Բարսեղյանը:
Հիշենենք, որ Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ «Բալասանյան» դաշինքը ցանկանում է տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան՝ դրանով վստահություն հայտնելով Սամվել Բալասանյանին: Բանն այն է, որ եթե հիմա տապալվի այս գործընթացը, ապա 1 տարի օրենքով արգելվում է անվստահություն հայտնել քաղաքապետին:










